«Մենք Հայ Ենք» Միասնական Բարեգործական Հիմնադրամ


WEAREARMENIANS.COM

ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆ
2020

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1.1. Մենք Հայ Ենք Միասնական Բարեգործական Հիմնադրամը (այսուհետ՝ Հիմնադրամ), կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է: Հիմնադրամը հետապնդում է առողջապահական, սոցիալական, բարեգործական և այլ հանրօգուտ նպատակներ։
1.2. Հիմնադրամը հիմնադրվել է Հայաստանի Հանրապետության օրենսդրության (այսուհետ՝ Օրենսդրություն) համաձայն: Իր գործունեության ընթացքում Հիմնադրամը ղեկավարվում է ՀՀ Սահմանադրությամբ, միջազգային պայմանագրերով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով (այսուհետ՝ Օրենք), այլ օրենքներով ու իրավական ակտերով և սույն կանոնադրությամբ:
1.3. Հիմնադրամի միակ հիմնադիրն է հանդիսանում Հայկ Արտակի Մանուկյանը (ՀՀ քաղաքացի, նույնականացման քարտի համար՝ 008912271, տրված 27.12.2016 թվականին 004-ի կողմից, ծնված՝ 14.09.1999, ՀԾՀ՝ 2409900062, հաշվառված՝ Օրբելի Եղբայրների փողոց, շենք 16, բն. 52, Արաբկիր 0028, Երևան, Հայաստանի Հանրապետություն)։
1.4. Հիմնադրամի հայերեն լրիվ անվանումն է՝
• Մենք Հայ Ենք Միասնական Բարեգործական Հիմնադրամ Հիմնադրամի անգլերեն լրիվ անվանումն է՝
• “We Are Armenians United Charity Foundation Հիմնադրամի ռուսերեն լրիվ անվանումն է
• Мы Армяне Объединенный Благотворительный Фонд
1.5. Հիմնադրամի հնարավոր շահառուներն են՝
• կրթական և նախակրթական ուսումանկան հաստատությունները
• անվճարունակ կամ մասամբ վճարունակ ուսանողները
• մանկատները և մանկապատանեկան զարգացման կենտրոնները
• հատուկ կամ բարձր ֆինանսական միջոցներ պահանջող հիվանդություններ ունեցող անձիք՝ հատկապես
երեխաներ
• ծերերը և թոշակառուները
• սոցիալապես անապահով ընտանիքների անդամները
• Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության զինված ուժերի/պաշտպանության բանակի
զինծառայողները, կամավորականները, զինված բախումների, մարտական գործողությունների և (կամ) պատերազմի մասնակից անձինք (այսուհետ՝ «Զինծառայող»), նրանց բոլորի ընտանիքի անդամները (ամուսինը, զավակը (զավակները), ծնողը (ծնողները)), ինչպես նաև Զինծառայողի խնամքի տակ գտնված 18 տարեկան և դրանից բարձր տարիքի հաշմանդամ քույրը և եղբայրը
• Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում մարտական գործողությունների, ռազմական դրության և (կամ) պատերազմի ժամանակ և (կամ) պատերազմի հետևանքով տուժած, այդ թվում
Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի Հանրապետության տարածքից տեղահանված (մշտական բնակության վայրը փոխած) քաղաքացինրերը,
• այն բոլոր քաղաքացիները (ներառյալ՝ օտարերկրացիներ, քաղաքացիություն չունեցող անձինք), որոնք սույն կանոնադրության 3.1. կետով սահմանված Մարտական Գործողությունների ընթացքում և (կամ) դրանցից հետո ցանկանում են մուտք գործել Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի Հանրապետության տարածք և աջակցություն տրամադրել սույն կանոնադրությամբ սահմանված նպատակներին համապատասխան։
• Հայաստանի Հանրապետությունը և Արցախի Հանրապետությունը, ինչպես նաև այն բոլոր իրավաբանական անձինք, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով աջակցում են ՀՀ զինված ուժերին և ԱՀ պաշտպանական բանակին։
1.6. Հիմնադրամի գտնվելու վայրն է՝ ՀՀ, ք․ Երևան, 0028, Օրբելի եղբայրների փ, 16 շ․, բն․52, Արաբկիր։
1.7 Հիմնադրամի գործունեության ժամկետը սահմանափակված չէ:

2. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ, ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԳՈՒՅՔԸ
2.1. Հիմնադրամը համարվում է ստեղծված ու իրավաբանական անձի կարգավիճակ է ձեռք բերում այն պահից, երբ գրանցվել է Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական ռեգիստրում (այսուհետ՝ Պետական Ռեգիստր):
2.2. Հիմնադրամի՝ գործունեություն ծավալելու իրավունակությունն առաջանում է իր գրանցման (պետական գրանցման) պահից և դադարելու է լուծարման պահին (որի մասին Պետական Ռեգիստրում պետք է լինի լուծարման մասին համապատասխան գրառում):
2.3. Հիմնադրամն իրավաբանական անձ է և ունի իր Հիմնադրի գույքից իր սեփականությունը հանդիսացող առանձնացված գույք, որը հաշվառված է առանձին հաշվեկշռի տեսքով:
2.4. Հիմնադրամն իրավունք ունի իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտավորություններ, դատական վարույթներում հանդես գալ որպես հայցվոր ու պատասխանող կողմ:
2.5. Հիմնադիրը պատասխանատվություն չի կրում իր կողմից ստեղծված Հիմնադրամի ստանձնած պարտավորությունների համար, և Հիմնադրամը պատասխանատու չէ իր Հիմնադիրի ստանձնած պարտավորությունների համար:
2.6. Հիմնադրամը կարող է բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում, դրամով և արտարժույթով՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
2.7. Յուրաքանչյուր տարի, հաշվետու տարվան հաջորդող հուլիսի 1-ից ոչ ուշ, Հիմնադրամը հաշվետվությունների համար նախատեսված համակարգում պարտավոր է հրապարակել՝
1) հաշվետվություն իր գործունեության մասին, որը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի, դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի և օրենքով սահմանված այլ տեղեկությունները, ինչպես նաև
2) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե Հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն ՀՀ դրամը: 2.8. Հիմնադրամը կարող է իրականացնել օրենքով և այլ օրենսդրական ակտերով չարգելված ցանկացած գործունեություն:
2.9. Հիմնադրամը, որպես սեփականություն, կարող է ունենալ առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով:
2.10. Հիմնադրամի գույքի արժեքն արտացոլված է Հիմնադրամի հաշվեկշռում: 2.11. Հիմնադրամի գույքի ձևավորման աղբյուրներն են՝
• Հիմնադրի կողմից կատարված ներդրումը
• ֆիզիկական և իրավաբանական անձանց նվիրատվությունները և նվիրաբերությունները, այդ թվում՝ օտարերկրյա քաղաքացիների, իրավաբանական անձանց, միջազգային կազմակերպությունների նվիրատվությունները և նվիրաբերությունները
• դրամաշնորհներ պետական և ոչ պետական կազմակերպություններից, արտասահմանյան և միջազգային կառույցներից
• Օրենքով սահմանված կարգով կազմակերպված հանգանակությունները
• «Հիմնադրամների մասին» ՀՀ օրենքով նախատեսված մյուս աղբյուրները
• ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցները:
2.12. Յուրաքանչյուր ֆինանսական տարվա ավարտից հետո Հիմնադրամը պարտավորվում է հաշվետվություններ հրապարակել օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետում:

3. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ
3.1. Հիմնադրամի նպատակներն են.
• Կրթական և նախակրթական ուսումանական հաստատությունների, մանկատների, մանկապատանեկան զարգացման կենտրոնների կառուցումն ու վերանորոգման աշխատանքների ֆինանսավորումը, անվճարունակ կամ մասամբ վճարունակ ուսանողների ուսման վճարի փոխանցումը
• Տարեցներին, սոցիալապես անապահով ընտանիքներին խնամքի կենտրոններով ու բնակտարածքով ապահովելը (ներառյալ սննդի, դեղորայքի, հագուստեղենի, բուժման ծախսերը, նյութական կամ ֆինանսական օժանդակությունը)
• Երեխաների՝ հատուկ կամ բարձր ֆինանսական միջոցներ պահանջող հիվանդությունների (մասնավորապես՝ շաքարային դիաբետ, հենաշարժիչ համակարգի խանգարումներ,նյարդային համակարգի շեղումներ, քրոմոսոմային խանգարումներ, սրտանոթային հիվանդություններ, մանկական պարալիչ և այլն) բուժման կամ վիրահատական ծախսերի փոխհատուցում։
• Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի Հանրապետության պաշտպանության նպատակով Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի Հանրապետության տարածքում մարտական գործողությունների, ռազմական դրության կամ պատերազմի ժամանակ (այսուհետ՝ «Մարտական Գործողություններ») Զինված Ուժերին և (կամ) Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի Հանրապետության մարտական/ռազմական օժանդակ և պաշտպանողական կառուցակարգերին, ենթակառուցվածքներին և պետական պաշտպանության մարմիններին նյութական, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ սնունդ, դեղորայք, տեխնիկա, հագուստ, զենք, զինամթերթ, ռազմամթերք և ռազմատեխնիկա, աջակցության տրամադրումն է և այդ նպատակի ապահովման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործառնությունների իրականացումն է
• Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տարածքում մարտական գործողությունների, ռազմական դրության և (կամ) պատերազմի ժամանակ և (կամ) պատերազմի հետևանքով տուժած, այդ թվում Հայաստանի Հանրապետության և (կամ) Արցախի Հանրապետության տարածքից տեղահանված (մշտական բնակության վայրը փոխած) քաղաքացինրերին բնակտարածքով ապահովելը, ներառյալ, սակայն չսահմանափակվելով՝ սնունդի, դեղորայքի, հագուստի, բուժման ծախսերի աջակցության տրամադրումն է և այդ նպատակի ապահովման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործառնությունների իրականացումն է
• Մարտական Գործողություններից հետո՝ խաղաղ պայմաններում Զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցումը և այդ նպատակի ապահովման համար ՀՀ օրենսդրությամբ սահմանված գործառնությունների իրականացումն է։
3.2. Հիմնադրամը կարող է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնել միայն այն դեպքերում, երբ դա ծառայում է այն նպատակների իրականացմանը, որոնց համար նա ստեղծվել է և համապատասխանում է այդ նպատակներին: Հիմնադրամը ձեռնարկատիրական գործունեություն կարող է իրականացնել անձամբ կամ այդ նպատակով ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել դրանց մասնակից:
3.3. Հիմնադրամն իրավունք ունի անձամբ իրականցնել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները, որից ստացված հասույթը ուղղվելու է հիմնադրամի նպատակներին։ Մասնավորապես՝ hյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ, ռեստորանների և հանրային սննդի շարժական կետերի ծառայություններ, հանրային սննդի կազմակերպման այլ գործունեություն, հասարակայնության հետ կապերի գործունեություն, հագուստի և սննդամթերի արտադրություն, սեփական կամ վարձակալված անշարժ գույքի հանձնում վարձակալության և այլ գործառնություններ, գյուղատնտեսական մթերքի մանրածախ առևտուր շուկաներում, բնակելի և ոչ բնակելի շենքերի շինարարություն, հյուրանոցների և համանման բնակատեղերի տրամադրման ծառայություններ։

4. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ
4.1. Հիմնադրամի կառավարման մարմիններն են հոգաբարձուների խորհուրդը և տնօրենը:
4.2. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է:
4.3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, այդ թվում Հիմնադիրը:
4.4. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի առաջին կազմը կազմավորում է Հիմնադիրը, իսկ հետագա նշանակումները իրականացնում են հոգաբարձուների խորհրդի անդամները: Հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը բաղկացած է 10 (տասը) անդամից։
4.5. Հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել Հիմնադրամի այլ մարմնի անդամ:
4.6. Հոգաբարձուների խորհրդի նախագահին ընտրում է հոգաբարձուների խորհուրդը՝ խորհրդի անդամների կազմից՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Հոգաբարձուների խորհուրդը կարող է ցանկացած ժամանակ վերընտրել նախագահին կամ ընտրել նոր նախագահ՝ իր անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:
4.7. Հոգաբարձուների խորհրդի անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:
4.8. Հոգաբարձուների խորհրդի անդամները ընտրվում են 3 տարի ժամկետով՝ վերընտրվելու հնարավորությամբ:
4.9. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է՝
1. նրա գրավոր դիմումի հիման վրա
2. նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում՝ հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4 – ով
3. լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում
4. եթե դադարել են Հիմնադրամի Հոգաբարձուների Խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները
5. դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչելու դեպքում
6. նրա մահվան դեպքում։
4.10. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունները համարվում են դադարած՝ նրա դիմումը ներկայացնելու հաջորդ օրվանից:
4.11. Հոգաբարձուների խորհրդի նոր անդամին ընտրում է հոգաբարձուների խորհուրդը` նախկին անդամի լիազորությունները դադարելու օրվանից ոչ ուշ, քան oրենքով սահմանված ժամկետում՝ հոգաբարձուների խորհրդի անդամների ձայների երկու երրորդով:
4.12. Հոգաբարձուների խորհուրդն իր գործունեությունն իրականացնում է նիստերի միջոցով: Հոգաբարձուների խորհրդի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին: Հոգաբարձուների խորհրդի որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ, եթե այլ բան սահմանված չէ սույն կանոնադրությամբ:
4.13. Տնօրենի ընտրության և պաշտոնից ազատման, ինչպես նաև Հիմնադրամի անվանման փոփոխության, վերակազմակերպման, լուծարման և կանոնադրության փոփոխության կամ նոր խմբագրությամբ կանոնադրության հաստատման հարցերով որոշումներն ընդունվում են հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի ձայների որակյալ (2/3) մեծամասնությամբ:
4.14. Եթե հոգաբարձուների խորհրդի նիստում քննարկվում է խորհրդի որևէ անդամի կամ նրա հետ փոխկապակցված անձի (ծնող, ամուսին, զավակ, քույր, եղբայր, ազգական, խորթ երեխա, ամուսնու (կնոջ) ծնողներ, քույր, եղբայր) գույքային կամ այլ շահերի վերաբերյալ հարց, ապա հոգաբարձուների խորհրդի տվյալ անդամը քվեարկությանը չի մասնակցում:
4.15. Հոգաբարձուների խորհրդի իրավասությանն են պատկանում՝
1. Հիմնադրամի ռազմավարական ծրագրերի հաստատումը.
2. Հիմնադրամի բյուջեի և նրա փոփոխությունների, տարեկան ֆինանսական հաշվետվությունների և Հիմնադրամի գործունեության տարեկան հաշվետվությունների հաստատումը.
3. Հիմնադրամի գույքի տնօրինման կարգի հաստատումը.
4. Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշման ընդունումը.
5. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նոր անդամների ընտրությունը և Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
6. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի, տնօրենի ընտրության և նրանց լիազորությունների վաղաժամկետ դադարեցման մասին որոշումների ընդունումը.
7. Հիմնադրամի կանոնադրության մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու, նոր խմբագրությամբ կանոնադրություն հաստատելու մասին որոշումների ընդունումը.
8. Հայաստանում և արտերկրում տնտեսական ընկերությունների ստեղծման կամ դրանցում մասնակցության, ինչպես նաև առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ստեղծման ու դրանց կանոնադրությունների հաստատման մասին որոշումների ընդունումը.
9. Հիմնադրամի ֆինանսատնտեսական գործունեության վերահսկումը.
10. Տարեկան մեկ անգամ տնօրենի հաշվետվությունների լսումը.
11. Իր որոշումների կատարման ընթացքի վերահսկումը.
12. Հիմնադրամի աուդիտ իրականացնող անձի (աուդիտորի) ընտրությունը.
13. Հոգաբարձուների խորհրդի գործունեության կանոնակարգի հաստատումը.
14. Հիմնադրամի կազմակերպչական կառուցվածքի և հաստիքացուցակի հաստատում.
15. Օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված այլ լիազորությունների իրականացում:

4.16. Հոգաբարձուների խորհրդի իրավասություն հանդիսացող հարցերը չեն կարող փոխանցվել այլ մարմնի:
4.17. Հոգաբարձուների խորհրդի նիստերում նրա յուրաքանչյուր անդամ ունի մեկ ձայնի իրավունք:
4.18. Հոգաբարձուների խորհրդի նախագահն ընտրվում է հոգաբարձուների խորհրդի անդամների կողմից 3 տարի ժամանակով:
4.19. Հոգաբարձուների խորհրդի նախագահը՝
1. կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի աշխատանքները.
2. գումարում է հոգաբարձուների խորհրդի նիստերը և նախագահում է դրանք.
3. կազմակերպում է նիստերի արձանագրության վարումը.
4. օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներ:

4.20. Հոգաբարձուների խորհրդի նախագահի բացակայության դեպքում նրա պարտականությունները, հոգաբարձուների խորհրդի որոշմամբ, կատարում է անդամներից մեկը:
4.21. Հոգաբարձուների խորհրդի նիստերը գումարվում են ոչ պակաս, քան տարին մեկ անգամ՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից: Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստեր կարող են հրավիրվել հոգաբարձուների խորհրդի անդամների 1/3 - ի պահանջով՝ հոգաբարձուների խորհրդի նախագահի կողմից՝ համապատասխան պահանջը ներկայացնելուց օրենքով սահմանված ժամկետում: Հոգաբարձուների խորհրդի նիստերը կարող են անցկացվել էլեկտրոնային փոստի կամ կապի այլ միջոցների կիրառմամբ: Եթե նշված ժամկետում հոգաբարձուների խորհրդի նախագահը նիստ չի հրավիրում, ապա նիստ կարող են հրավիրել նման պահանջ ներկայացրած անձինք:
4.22. Հիմնադրամի առօրյա գործունեության կառավարումն իրականացվում է տնօրենի կողմից: Տնօրենն ընտրվում և ազատվում է պաշտոնից Խորհրդի կողմից: Առաջին անգամ տնօրենը կարող է նշանակվել Հիմնադրի կողմից:
4.23. Տնօրենի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են օրենքով, սույն Կանոնադրությամբ և իր հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրն ստորագրվում է Խորհրդի նախագահի կամ Խորհրդի կողմից լիազորված այլ անձի կողմից:
4.24. Տնօրենը`
4.24.1. կազմակերպում է Խորհրդի որոշումների իրականացման գործընթացը;
4.24.2. տնօրինում է Հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, Հիմնադրամի անունից գործարքներ է կնքում;
4.24.3. ներկայացնում է Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության տարածքում և արտերկրում;
4.24.4. գործում է առանց լիազորագրի;
4.24.5. Հիմնադրամի անունից գործելու լիազորագրեր է տրամադրում;
4.24.6. կնքում է պայմանագրեր, այդ թվում՝ աշխատանքային պայմանագրեր օրենքով և սույն Կանոնադրությամբ սահմանված կարգով;
4.24.7. Հիմնադրամի հաշիվներ է բացում բանկերում (այդ թվում՝ արտարժույթով հաշիվներ) և այլ հաշիվներ;
4.24.8. Հիմնադրամի Խորհրդի հաստատմանն է ներկայացնում Հիմնադրամի աշխատանքային ներքին կանոնակարգը, առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ու Հիմնադրամի կողմից հիմնադրվող տնտեսական ընկերությունների կանոնադրությունները, Հիմնադրամի վարչա-կազմակերպչական կառուցվածքը;
4.24.9. իր իրավասության շրջանակներում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս է պարտադիր ցուցումներ և վերահսկում դրանց կատարման ընթացքը;
4.24.10. աշխատանքի է ընդունում և աշխատանքից ազատում է Հիմնադրամի աշխատողներին, այդ թվում՝ Հիմնադրամի առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների ղեկավարներին ու աշխատողներին;
4.24.11. կիրառում է աշխատակիցների նկատմամբ պարգևավճարների և կարգապահական պատասխանատվության մասով գործառույթները;
4.24.12. տարին 1 (մեկ) անգամ Խորհրդին է ներկայացնում Հիմնադրամի գործունեության մասին հաշվետվություն:
4.25. Տնօրենը կարող է իրականացնել ցանկացած այլ վճարովի աշխատանք այլ ընկերություններում միայն Խորհրդի համաձայնության պարագայում:
4.26. Խորհուրդը կարող է ցանկացած պահի լուծել տնօրենի հետ ստորագրված աշխատանքային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենքով, Հիմնադրամի Կանոնադրությամբ և վերջինիս հետ ստորագրված աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով:
4.27. Հիմնադրամը հաշիվներ է վարում և ֆինանսական ու վիճակագրական հաշվետվություններ է ներկայացնում Հայաստանի Հանրապետության օրենքով և այլ օրենսդրական ակտերով նախատեսված կարգով:

5. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԼՈՒԾԱՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
5.1 Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:
5.2 Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`
5.2.1. հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ
5.2.2. իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից
5.2.3. հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ
5.2.4. հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները
5.2.5. հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն
5.2.6. հիմնադրամն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ:
5.3. Հիմնադրամը կարող է լուծարվել նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:
5.4. Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հոգաբարձուների խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և օրենքի համաձայն սահմանում է լուծարման կարգը և ժամկետները:
5.5. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Հիմնադրամի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:
5.6. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում` լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:
5.7. Լուծարման հանձնաժողովը http://www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում հայտարարություն է զետեղում հիմնադրամի լուծարման և պարտատերերի պահանջները ներկայացնելու կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսվանից` սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է հիմնադրամի լուծարման գործընթացի սկիզբ:
5.8. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է գույքի վերագնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, ինչպես նաև տեղեկացնում է պարտատերերին հիմնադրամի լուծարման մասին:
5.9. Լուծարման ընթացքում հիմնադրամն իրավունք ունի կնքելու նոր գործարքներ և ստանձնելու նոր պարտավորություններ` միայն իր պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:
5.10. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում հիմնադրամի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:
5.11. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է հոգաբարձուների խորհուրդը:
5.12. Միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատվելուց հետո, եթե հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը, օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով իրականացնում է հիմնադրամի գույքի վաճառքը:
5.13. Լուծարման հանձնաժողովը հիմնադրամի պարտատերերին վճարումներ է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ և միջանկյալ լուծարման հաշվեկշռին համապատասխան` սկսած դրա հաստատման պահից:
5.14. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում` փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:
5.15. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Լուծարման հանձնաժողովը հոգաբարձուների խորհրդի հաստատած լուծարման հաշվեկշիռը ներկայացնում է դատարանի հաստատմանը:
5.16. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր` հիմնադրամի լուծարման պետական գրանցում կատարելու համար:
5.17. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած` պետական գրանցման պահից:
5.18. Հոգաբարձուների խորհրդի կողմից սույն կանոնադրության 5.4-րդ, 5.11-րդ և 5.15-րդ կետերով սահմանված իր լիազորությունները երկամսյա ժամկետում (համապատասխանաբար դատարանի կողմից որոշման ընդունման, լուծարման հանձնաժողովի կողմից լուծարման միջանկյալ հաշվեկշիռը և լուծարման հաշվեկշիռը ներկայացնելու պահից) չկատարելու դեպքում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը հիմնադրամի լուծարման հետ կապված լիազորությունների իրականացման նպատակով երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ:

6. ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ
6.1 Հիմնադրամը կարող է վերակազմակերպվել միայն հիմնադրամի` այլ հիմնադրամին միացման կամ այլ հիմնադրամի հետ միաձուլման ձևով:
6.2 Հիմնադրամի վերակազմակերպումը կատարվում է հիմնադրի որոշմամբ կամ հոգաբարձուների խորհրդի որոշմամբ:
6.3 Հիմնադրամը միաձուլման ձևով վերակազմակերպվելիս վերակազմակերպված է համարվում նոր ստեղծված հիմնադրամի պետական գրանցման պահից: Հիմնադրամն այլ հիմնադրամի հետ միացման ձևով վերակազմակերպվելիս նրանք համարվում են վերակազմակերպված` միացած հիմնադրամի գործունեությունը դադարելու վերաբերյալ պետական գրանցման պահից:
6.4 Հիմնադրամի վերակազմակերպման մասին որոշումն ընդունելուց հետո 30 օրվա ընթացքում հիմնադրամը պարտավոր է դրա մասին գրավոր ծանուցել իր բոլոր պարտատերերին: Ծանուցումը պետք է պարունակի տեղեկություններ` վերակազմակերպման մասին որոշումն ընդունելու տարվա, ամսվա, ամսաթվի, վերակազմակերպման ձևի և մասնակիցների, ինչպես նաև հիմնադրամի պարտավորությունների իրավահաջորդության մասին:
6.5 Վերակազմակերպման մասին ծանուցման պահից 30 օրվա ընթացքում վերակազմակերպվող հիմնադրամի պարտատերն իրավունք ունի հիմնադրամից պահանջելու պարտավորությունների կատարման լրացուցիչ երաշխիքներ, պարտավորությունների դադարեցում կամ վաղաժամկետ կատարում, ինչպես նաև վնասների հատուցում:

7. ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՈՒՄԸ ԵՎ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ
7.1 Հիմնադրամը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով վարում է հաշվապահական հաշվառում և ներկայացնում ֆինանսական և այլ հաշվետվություններ:
7.2 Տնօրենը պատասխանատվություն է կրում Հիմնադրամի հաշվապահական հաշվառման կազմակերպման վիճակի և դրա հավաստիության, տարեկան հաշվետվությունը, ֆինանսական և այլ հաշվետվություններ համապատասխան պետական մարմիններ ժամանակին ներկայացնելու, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներին Հիմնադրամի մասին տրամադրվող տեղեկատվության համար:
7.3 Հիմնադրամի ֆինանսական գործունեությունը կարող է ենթարկվել վերստուգման` հոգաբարձուների խորհրդի կողմից ընտրված աուդիտ իրականացնող անձի կողմից:

8. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅՔՆԵՐ
8.1 Սույն Կանոնադրությամբ չկարգավորված հարաբերություններն ու խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
8.2 Սույն Կանոնադրությունը կազմված է 2 (երկու) օրինակից, հայերենով: